Ամերիկացի հայտնի փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման իր «Լիբերալիզմի այլընտրանքները» գրքում, վերլուծելով խորհրդային իշխանության տարիներին ձևավորված արատավոր համակարգը, նշում է, որ այստեղ հնարավոր չէր լինել պարզապես էլեկտրիկ, բժիշկ, լրագրող կամ ուսուցիչ. աշխատանք, բնակարան, ապահով ու երաշխավորված կյանք ունենալու համար մարդը պետք է դառնար այդ համակարգի բաղկացուցիչ մասը, ծառայեր նրա գաղափարախոսությանը: Ֆուկույաման նշում է նաև, որ միայն առանձին անհատներ` Ա. Սախարովը, Վ. Բուկովսկին, Վ. Հավելն են մերժել այդ համակարգը, դարձել այլախոհներ` բանտը, զրկանքները նախընտրելով հանցավոր համակարգին ծառայելուց: Հայաստանում էլ, թեկուզ քչաթիվ, եղել են այլախոհներ, որոնք հալածվել են խորհրդային իշխանությունների կողմից: Բավական է հիշել, թե ինչպես է ժամանակին մտավորական, ԵՊՀ դասախոս Էդմոն Ավետյանին մատնել իր ուսանողը, ինչպես են տարիներ շարունակ նրան ԿԳԲ-ական ստոր մեթոդներով դատապարտել անասելի տանջանքների անազատության պայմաններում: Սակայն հենց Էդմոն Ավետյանի ու Լևոն Ներսիսյանի նման մարդիկ են կարողացել պայծառ հետք թողնել իրենց ճանաչողների հիշողության մեջ:
Մեկ տարի առաջ, այս օրերին, չեխ ժողովուրդը հրաժեշտ էր տալիս իր սիրելի զավակներից մեկին` Չեխիայի նախկին նախագահ, ԽՍՀՄ օրոք այլախոհ Վացլավ Հավելին: Ամբողջ առաջադեմ մարդկությունը հուզված էր, տարբեր երկրներից ժամանած պաշտոնյաներ, անհատներ իրենց երախտիքի խոսքն էին ասում` ի հիշատակ Վացլավ Հավելի, ով կարողացավ անձնական օրինակ ծառայել իր ժողովրդի համար, նրան դաստիարակել իրական արժեքներով: Ինչո՞ւ Հավելը հաղթեց հետխորհրդային Չեխիայում, ինչո՞ւ նա դարձավ հարազատ ու սիրելի կերպար իր ժողովրդի համար: Հավելը մերժեց ամբողջատիրական համակարգի «բարիքները», մարտահրավեր նետեց այդ համակարգին, որ հաղթի ավելի ուշ, հաղթի վաղը: Այսօր էլ այն երկրներում, որոնք չեն ձերբազատվել սովետական անցյալից, ավանդույթներից ու մտածելակերպից, որտեղ ժողովրդավարությունը շարունակում է սոսկ որպես շղարշ ծառայել` քողարկելով համակարգի արատները, հաղթել, փոփոխություններ կարող են անել միայն Հավելի նման անձնուրաց մարդիկ: Հակառակ դեպքում, ցանկացած «ընդդիմադիրի» կարող են լռեցնել համապատասխան վարկաբեկիչ նյութերով` կոմպրոմատներով` հիշեցնելով նրա ոչ մաքուր անցյալն ու նույնքան անմաքուր գործերը: Հայաստանում էլ է այդպես, քանի որ բոլորը բոլորին հիշեցնելու բան ունեն քաղաքական դաշտում: Այդ պատճառով էլ հեռու է թվում փոփոխությունների հասնելու ժամանակը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ